decore
decore

Նորություններ

02.10.2026

ՄԱՄ-ի հիմնադիրները Ֆրանսիայում․ ODARIF-ի բացում և համաժողով՝ Սփյուռքում հայերենի ուսուցման շուրջ

M.A.M կրթական շարժման համահիմնադիրներ Մարինե և Մելինե Ղազարյանները Ֆրանսիա կատարած այցի ընթացքում մասնակցեցին Իլ դը Ֆրանս տարածաշրջանի հայկական սփյուռքի կազմակերպության՝ ODARIF-ի պաշտոնական բացման արարողությանը, ինչպես նաև Սփյուռքում հայերենի ուսուցմանը նվիրված կրթական համաժողովին։

ODARIF-ի բացումը տեղի ունեցավ 2026 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Լը Պլեսի Ռոբինսոնի Maison des Arts մշակութային կենտրոնում, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի բարձր հովանու ներքո։

Սեպտեմբերի 12-ին քաղաքի Maison des Associations կենտրոնում անցկացվեց ODARIF-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ կազմակերպած համաժողովը՝ նվիրված 21-րդ դարում Սփյուռքում հայերենի ուսուցմանը։ Այն մեկտեղել էր Հայաստանից ժամանած մասնագետների և Ֆրանսիայի տարբեր քաղաքների հայկական դպրոցների ու կրթամշակութային կառույցների ներկայացուցիչներին։

Համաժողովին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Ալվինա Էլոյանը։ ՄԱՄ-ի համահիմնադիրները ներկայացրին Սփյուռքի համար ժամանակակից և տեխնոլոգիաների վրա հիմնված կրթության իրենց փորձն ու մոտեցումները։

Քննարկումների առանցքում էին Ֆրանսիայում հայերենի դասավանդման մարտահրավերներն ու հնարավորությունները, դպրոցների և համայնքային կառույցների միջև փորձի փոխանակումը, ժամանակակից մանկավարժական մեթոդների կիրառումը և կրթական կապերի ամրապնդումը։ Առանձնահատուկ կարևորվեց արևմտահայերենի և արևելահայերենի փոխանցումը՝ որպես հայկական ինքնության, մշակույթի և պատմական հիշողության պահպանման հիմք։

Համաժողովին մասնակցում էին Նիցցայի «Բարսամյան» դպրոցի, Մարսելի JAF-ի, Գրանդ Էստի տարածաշրջանային ներկայացուցչության, Լիոնի «Մարգարյան–Փափազյան» դպրոցի և YAN կրթական կենտրոնի, Ռենի Հայ տան, Կլամարի Վահե Ֆաթալի կրթամշակութային կենտրոնի, Դեսին Շարպիոյի YAN կրթական միության և Լը Ռենսիի «Դպրոցասեր» վարժարանի ներկայացուցիչները։

Հանդիպումները հնարավորություն ընձեռեցին քննարկելու համագործակցության հետագա ուղղությունները՝ ժամանակակից թվային և ինտերակտիվ ուսումնական գործիքների զարգացում, կրթական ռեսուրսների ու փորձի փոխանակման ցանցի ձևավորում և երիտասարդ սերնդի հետաքրքրության խթանում հայերենի հանդեպ։

M.A.M-ի համար նման հանդիպումները կարևոր են Հայաստան–Սփյուռք կրթական կապն ամրապնդելու և համայնքների կարիքներին արձագանքող լուծումներ զարգացնելու տեսանկյունից։ Հայերենի փոխանցման շուրջ համատեղ աշխատանքը նաև ներդրում է նոր սերնդի ինքնության, պատկանելության զգացման և Հայաստանի հետ կենդանի կապի պահպանման մեջ։

Արտաքին հրապարակումներ

Կարդալ ավելին
01.10.2026

M.A.M-ը մասնակցեց «Հայաստան–Սփյուռք կրթական երկխոսության» մեկնարկային հանդիպմանը

01.10.2026

Սփյուռքի երիտասարդ դեսպանների չորրորդ սերունդը՝ M.A.M-ում

24.9.2026

Armenia Lacrosse-ը և M.A.M կրթական շարժումը մեկնարկել են հայկական քրիստոնեական ինքնությունը, լեզուն ու ժառանգությունն ամրապնդող միջազգային առցանց ծրագիր

09.6.2026

Մինչև 100% եկամտահարկի վերադարձով մեկնարկում է «AI քեզ ուսուցիչ» վերապատրաստման ծրագրի երկրորդ փուլը

10.4.2026

Սփյուռքի դպրոցների ղեկավարների և ուսուցիչների վերապատրաստման ծրագիր

26.3.2026

Ավարտվեց «AI քեզ ուսուցիչ» վերապատրաստման դասընթացը՝ միավորելով ուսուցիչների Հայաստանից և Սփյուռքից

24.2.2026

M.A.M դպրոցի ծրագրերն արժանացել են պետական երաշխավորման

26.1.2026

M.A.M հայագիտական օնլայն դպրոցի հիմնադիրներ Մարինա և Մելինե Ղազարյանների այցը ՌԴ հայկական համայնքներ

26.1.2026

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և գրասենյակի աշխատակիցների այցը «M.A.M» կրթական շարժման գրասենյակ

30.5.2024

Իրազեկման դասընթացներ հայրենադարձների համար

08.5.2024

Հայերենի անվճար դասընթացներ

08.5.2024

#EngageArmenia2024 Ֆորում

26.5.2023

Հայրենիք-Սփյուռք կապը սկսվում է հայագիտական առարկաների ուսուցումից

16.2.2023

Սփյուռքի երիտասարդ դեսպանները M.A.M-ում